Եղիշե Չարենց

19.03.2015

Եղիշե Չարենց. պոետ քաղաքացին

Charenc1Դանիել Դզնունու հուշերից

Ամեն անգամ, երբ հանդիպում էի նրան փողոցում կամ ընտանիքում, ժողովում կամ թատրոնում, նա մշտապես առույգ էր ու արագաշարժ: Բայց երբեմն նա տաքարյուն էր, խոհական ու էպիկական, երբեմն սիրառատ ու քնքուշ՝ իր քնարական բանաստեղծությունների նման, հեգնող ու մերկացնող՝ իր քաղաքական երգիծանքի նման: Ու թվում էր ինձ, որ Չարենցը կա, նա մեր մեջ է, մեր գրապահարանում դրված հատորից նայում է մեզ իր հոնքերի տակից, իմաստուն ժպտում: Նրա կարճատև կյանքը մշտական որոնումների և անդուլ մաքառումների տարիներ էին:
Առաջին անգամ Չարենցին հանդիպել եմ Երևանում 1922թ. սկզբներին: Երևան տեղափոխված մտավորականների մի խումբ ապրում էր Օ. Խայամի փողոցում գտնվող հյուրանոցում: Հյուրանոցում իր կնոջ հետ մի փոքրիկ սենյակում ապրում էր Ե. Չարենցը: Եղիշեն հաճախ էր լինում իր հարևանների շրջանում և երկար զրուցում նրանց հետ գրականության և թատրոնի մասին: Իր անձնական կյանքում նա շատ ջերմ ու սիրող ամուսին էր: Արփիկը նրա համար ամենից առաջ կյանքի ընկեր էր, ինչպես ինքն էր ասում՝ «հերոսական ընկեր», նրա ստեղծագործական աշխատանքի ոգևորողը, որն իր հերթին անհուն սիրով կապված էր Եղիշեի հետ, ներում էր նրա բոլոր «չարությունները», ուրախանում նրա հաջողություններով: Հատկապես ուզում եմ ընդգծել Արփիկի անհուն հոգատարությունը ամուսնու նկատմամբ: Արփիկը Չարենցի հետ էր ամեն քայլափոխի, եռանդով մասնակցում էր բոլոր վիճաբանություններին՝ անցնելով Եղիշեի կողմը: Վերջինս էլ կատակում էր. «Քանի Արփիկս իմ կողքին է, ես անխոցելի եմ, ինչպես Աքիլլեսը»:
Հաճախ կարելի էր տեսնել Չարենցին մեր հյուրանոցի միջանցքի ծայրին կամ բակի կողմը նայող պատշգամբում՝ շրջապատված իր հարևաններով: Երբեմն նա կատակում էր իրեն շրջապատող կանանց հետ՝ խոսելով նրանց կենցաղային անհարմարություների, սնունդի և այլ դժվարին պայմանների մասին: Նրա այդ սրամիտ, զվարճալի զրույցները ամբողջապես հագեցած էին լավատեսությամբ ապագայի նկատմամբ:
Իր որոնումների նման անհարթ էր Չարենցի անձնական կյանքը, որի ամեն մի շրջադարձը խոր ապրումներ է պատճառել պոետին: Հատկապես ցնցող էր այն մեծ վիշտը, որ դաժան մահը պատճառեց նրան՝ խլելով իր կյանքի լավագույն ընկերոջը՝ Արփիկին: Շատ ջանք թափեցին ընկերները, մինչև որ կարողացան վերականգնել նրա հոգեկան հավասարակշռությունը:

Վահրամ Ալազանի հուշերից

Ես տեսել եմ Եղիշե Չարենցին, եղել նրա ընկերն ու բարեկամը. հավետ անհանգիստ, ծովային փոթորկին նմանվող հանճարեղ այդ մարդուն, մեծ պոետին ու քաղաքացուն: Նա եղավ, բոցավառվեց որպես վիթխարի մի խարույկ և հանգավ իմ սերնդի աչքերի առաջ:
1922-24 թթ. իմ հարաբերությունները Չարենցի հետ մտերմական դարձան: Այդ թվականներին ես և կինս՝ Մարոն, մոտիկից ծանոթացանք Չարենցի կնոջ՝ Արփենիկ Աստվածատրյանի հետ, որը 20-ական թվականների ամենազարգացած, ամենալուրջ, ամենահավասարակշռված հայ կանանցից մեկն էր և Չարենցի հոգատար ընկերը: Հասակի հարցում եթե բնությունը ժլատ էր վարվել Չարենցի նկատմամբ, ապա նա խիստ առատաձեռն էր եղել Արփենիկի նկատմամբ՝ տալով նրան ավելի սլացիկ, ավելի տիրակալ հասակ: Երբ անհաջող վիրահատումից վախճանվեց Արփիկը, նրա մահը մինչև հոգու խորքը ցնցեց մեծ բանաստեղծին: Արփիկի վիշտը ցնցել, խեղճացրել էր Չարենցին. ցերեկ ու գիշեր իր սենյակում փակված՝ վիրավոր առյուծի նման մռնչում էր ցավից:
Տարիներ անցան: 1932 թ. գարնանն էր: Չարենցը, հավաքած իր գրական ընկեր-բարեկամներին, անցնում էր Երևանի փողոցներով: Չարենցը գնում էր առջևից, իսկ մենք, դպրոցական աշակերտների նման, հետևում էինք նրան: Նա, ձեռքերն աջ ու ձախ տարածելով, ցույց էր տալիս մեզ Երևանի նորակառույց շենքերը, փողոցներն ու հրապարակները: Նա իրեն այնպես էր պահում, կարծես ինքը քաղխորհրդի նախագահը կամ առնվազն գլխավոր ճարտարապետը լիներ, իսկ մենք լուսնից ընկած անտեղյակ մարդիկ: Տարված և ոգևորված իր խոսքերով՝ չնկատեց և մեզ դեմ արեց շինարարական մի մեծ ցեխակույտի, ապա ետ դառնալով, ասաց.
— Տղե՛րք, ինչ դժվար է վոժդ լինելը: Տեսնու՞մ եք, բերի և ձեզ գցեցի ցեխերի մեջ:
Նորակառույց մի շենքի առաջ կանգնելով՝ նա թախծոտ հայացքով նայեց մեզ ու ասաց.
— Է՜խ, տղերք ջան, հոյակապ է դառնալու մեր մայրաքաղաքը: Երանի նրան, ով կտեսնի 1950 թվականի Երևանը: Ես որ չեմ տեսնելու, չգիտեմ՝ դուք ինչպես:


18.03.2015

ԻՐԻԿՈՒՆԸ

Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ,
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ։

Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝ 
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ։


***

Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե.
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե։

Ո՞վ գիտե՝ ո՞վ է վառել 
Հուրը, հրդեհն այս հսկա.
Ես գիտեմ՝ դո՛ւ ես վառել 
Հուրը, հրդեհն այս հսկա։

***

Նո՜ր է կարոտս հիմա. հուր է կարմիր ու հրդեհ։ 
Նո՜ր է հմայքը, որով դու ուզում ես կախարդել, 
Հո՛ւր ես դարձել ու կրակ, փայլ ես կարմիր ու փրփուր, 
Ինչպես օրերը այս տաք, ինչպես օրերը պուրպուր։


Շուրջդ օրերը վառվում ու հոլովվում են արագ՝
Օրերը տո՜թ ու այրող, ինչպես նայվածքդ հրակ1։ 
ինչպե՞ս երգեմ, չգիտեմ, կարմիր հմայքը քո այս,
Ինչպե՞ս ասեմ աշխարհին, որ աշխարհում արդեն կաս…

17.03.2015

Արմենուհի Տիգրանյան, «Երանի՜ նրանց…»

A. Tigranyan

Նորից մի կարօտ, սիրոյ մի թախիծ,
Ծանօթ մեղեդին երազ անցեալի
Պարուրեց հոգիս…

Նորից մի համբոյր վաղանցուկ գարնան
Վարդի բուրմուքով
Օրօրեց հոգիս…

Արմենուհի Տիգրանյան

Նրա ընկերակցությունն ու մտերմությունն էին փնտրում և շատ մարդկային, շատ մաքուր ու շատ խելահեղ նրան սիրում էին Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը: Թերևս այս չորս տղամարդկանցից յուրաքանչյուրի սերն ու նվիրումը արդեն իսկ կնոջ անհատականության գերագույն գնահատական ու վկայություն է: Այնինչ նրա մասին պաշտոնական քննադատությունը հակիրճ նշում է, որ բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանը, գրական ծածկանունը Մենուհի (1888-1962), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն էր, քննադատ, հրապարակախոս Վարդգես Ահարոնյանի կինը:

Նա ծնվել ու մեծացել էր երաժշտական-բանաստեղծական միջավայրում ու կարծես ճակատագրով դատապարտված էր բանաստեղծ լինելու և բանաստեղծություն դառնալու… ու նրա մասին գրում են Վահան Տերյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը իրենց երիտասարդ տարիքում: …

Պատմությունից հաjտնի է երիտասարդ Չարենցի մոլեգին, տառապալից սերը Ահարոնյանի կնոջ` Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, փոխադարձ սիրո բարդ հետևանքներով …

Արմենուհի Տիգրանյանին 

Աշխարհը մութ ու դժվար, սիրտը կարոտ ու ագահ,
Ուզում է լույս մի աշխարհ, սիրտը կարոտ ու ագահ,
Չի հասկանում, որ չկա, կարծես մանուկ լինի չար․
Գանգատվում է անդադար, սիրտը կարոտ ու ագահ,
Մի խոսք չկա, որ ասես, արտասվում ես ու լռում,
Ա՜խ, չի դառնում կարծր քար, սիրտը կարոտ ու ագահ:

Եղիշե Չարենց

Սակայն, քչերին է հայտնի Արմենուհի Տիգրանյանի` Չարենցին ձոնված բանաստեղծությունները.

Չարենց, գիտես չէ՞, դու գիտես`
Որքան թանկ է ընկեր հոգին,
Բայց դու գիտես և չգիտես`
Ով է եղել միշտ քո կողքին:
Եվ ինձ նման դու էլ որքան
Թանկ ես վատնել, թանկ ու բյուրեղ`
Հավատալով, որ կան, ախ, կան
Լավեր, նորեր մեր մեջ` այստեղ…

Եղիշե Չարենցին` Մենուհուց

Արդեն 1920 թվականի դեկտեմբերին, Արփիկի հանդեպ Չարենցի սերը սկսել է ծլարձակել, թեպետ նա դեռևս չէր հասցրել հաղթահարել իր սերն ու դառնությունը Արմենուհու հանդեպ: 1921 թ. Նոր տարին Արփենիկն ու Չարենցի դիմավորել են միասին: Այդ օրերին նրանք՝ Չարենցն ու Արմենուհին, փողոցում պատահաբար հանդիպել են: Այս մասին Արմենուհի Տիգրանյանը գրառել է իր օրագրում. «Ձյուն էր: Ձմեռ: Երևանի հունվարն էր: Քայլում էի մենա՜կ, երազկոտ ու լռին: Բեռ կար հոգուս վրա, անհուն կարոտի մի բեռ:

… Հանկարծ դեմս ելար: Ինչպե՜ս տառապել էի և ապրել քո հոգեվարքը …

Հասակդ ավելի բարձր թվաց, ճակատդ ավելի բաց, և վեհագույն տառապանքից խորացած աչքերդ ավելի գեղեցիկ և իմաստուն: Իսկ այն մորթե գլխա՜րկը … Որքա՜ն կատարյալ էր դարձնում քո կեցվածքը:

Օ՜, որքան հպարտ էիր ու երջանիկ այդ պահուն. գլուխդ միշտ վեր էիր բռնել հայրենիքիդ դահիճների առջև:

Հպարտ էի և ես: Զգացի, թե կյանքում պահեր կան, անփոխարինելի պահեր, երբ մարդ կարող է ըմբռնել ուրիշին իրենից ավելի երջանիկ լինել ուրիշի համար:
Լավ էր այդպես: Հոգիս աղոթքներ էր մրմնջում և կյանքդ օրհներգում: Ուզեցի, որ հանդիպումս կարճ լիներ:

Փոքրիկ, քնքո՜ւշ և տառապած մեկ էակ արդեն քայլում էր կողքիցդ: Արժանի էր քեզ: Երջանիկ էի և նրա համար:

Մենք բաժանվեցինք: Ձյունի պես ճերմակ և մաքուր մի զգացում ողողել էր հոգիս, երբ քայլում էի նորեն մենակ, նորեն կարոտներիս հետ: Բայց տխրեցի մի պահ: Ինչո՞ւ նրա համար էլ այդպես հպարտ ու երջանի չեմ …

Երանի՜ նրանց, որոնք աղոթելու անկյուններ ունեն իրենց հոգիների խորքում»:

Նյութն ամբողջությամբ՝ http://lurer.com/?p=128534&l=am

Արմենուհին՝  Չարենցի սերը

Այս պատմության վերջաբանն ամենատխուրն է: Արմենուհի Տիգրանյանը խորհուրդների երկիրը լքեց 1922-ին ու մեկնեց արտասահման, որտեղ ամուսինն էր: Սկզբում Բեռլին, ապա Փարիզ, վհատ տրամադրություն, ծանր ապրումներ, վաղվա օրվա անորոշություն, ճանապարհային անախորժություններ: Սակայն օտարության մեջ նրա