Ղազարոս Աղայան

Ղազարոս_Աղայան

«Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ»։ Ավ. Իսահակյան

Ապրիլի 4-ին ծնվել է հայ գրող, մանկավարժ և հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

Ղազարոս Աղայանը՝  ծնողասեր

Առաջ, քան Աղայանի մասին գրելս կպատմեմ մի օրինակ: Անցյալ դարի 70-ական թվականներին Ալեքսանդրապոլում ապրում էր տեղական գավառական ուսումնարանի մի հասարակ ուսուցիչ: Այս պարոնի հայրը մի օր Աշտարակ գյուղից գալիս է Ալեքսանդրապոլ՝ որդուն տեսնելու: Բերում է այնտեղից գինի, չորացրած մրգեղեն: Որդին բերածը ընդունում է, բայց հորը պահում է խոհանոցում և թույլ չի տալիս, մանավանդ հյուր ունեցած ժամանակ, մտնել իր սենյակները կամ երևալ հյուրերին: Մի անգամ ընկերներից մինը, անակնկալ կերպով տեսնելով այդ օտարականին, հարցնում է որդուն՝ իմանալու նրա ով լինելը, որդին պատասխանում է, որ իրենց Աշտարակի տան ծառան է:
Հիմա գանք Աղայանին: Սա վերոհիշյալ թվականներին նույնպես ապրում էր Ալեքսանդրապոլում՝ որպես Արղության դպրոցի տեսուչ: Իր հորը գյուղից բերելով քաղաք՝ երկար ժամանակ պահում էր մոտը, տանը հյուր ունեցած ժամանակ հայրը սեղանի գլխին էր լինում նստած, բարեկամների մոտ հյուր գնալիս նրա հորը կնստացնեին, նույնպես սեղանի գլխին: Երբ Աղայանը բաղնիք էր գնում, հորն էլ հետն էր տանում, իր ձեռքով լողացնում, դուրս հանում բաղնիքից ու ապա ինքը լողանում: Ամբողջ Ալեքսանդրապոլը ճանաչում էր այդ դուրեկան, վայելչակազմ և ալեզարդ ծերունուն, հարգում և պատվում էր որպես «Աղայանի հորը»:
1876 թվականն էր՝ ամառվա սկզբին. Աղայանը Ալեքսանդրապոլից եկավ Ջալալօղլի, իջևանեց ինձ մոտ, այնտեղից ձիով միասին դուրս եկանք դեպի Թիֆլիս. նա գնում էր հանգուցյալ Աբգար Հովհաննիսյանի հրավերով նրա սկսած «Փորձ» ամսագրին աշխատակցելու: Մեր ճանապարհի վրա էր Բոլնիս-Խաչեն գյուղը, ուր էր Աղայանի հայրական տունը: Հասանք այնտեղ, ձիերից իջնելուն պես Աղայանը ներս մտավ և շեմքի վրա մորը տեսավ թե չէ, վրա հասավ, փաթաթվեց նրան, գրկեց, գրկախառնվեց, համբուրում է, համբուրում, էլ բաց չի թողնում, խեղճ մայրը՝ մի պառավ, ամոթխած գեղջկուհի, որ օտարականին տեսնելով քնթկալով քիթ ու բերանն էր ծածկում, իմ ներկայությունից ամաչելով՝ ուզում էր դուրս պրծնել որդու գրկից, բայց այն ուժեղ կռների միջից նա կարո՞ղ էր արդյոք պոկ գալ: Խեղճ կինը, ճարը կտրած, դառնալով դեպի ինձ, ասաց. «Էլի էն գիժ Ղազարոսն ա»: Ես ասի՝ մայրիկ, մարդը թեկուզ 60 տարեկան դառնա, իր մորը տեսնելիս էլի երեխա կդառնա և էլ իր գժությունը կանի, քեզ մոտ էլ խոմ վարժապետություն ու փիլիսոփայություն անելու չի: Մի օր, թե ավելին մնացինք Խաչենում, նա իր բոլոր բարեկամներին, ազգականներին այցելություններ արեց, կշտացավ, հետո դուրս եկանք Թիֆլիս:

Աղբյուրը՛.